ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ի՞նչ կլինի, եթե Թրամփը Պուտինին տա Ալյասկան

Ի՞նչ կլինի, եթե Թրամփը Պուտինին տա Ալյասկան
23.01.2020 | 21:00

Եկեք ԱՄՆ նախագահի իմպիչմենտի գործընթացը Սենատում հաշվից դուրս չգրենք իբրև կենգուրուի դատ (անգլերեն փոխաբերություն, որ նշանակում է անարդար, հակաօրինական դատ, որ այնքան արագ է ընթանում, որքան արագ ցատկում է կենգուրուն): Վերջ ի վերջո՝ դա վիրավորանք է կենգուրուներին, որ առանց այդ էլ վերջերս շատ են տուժել: Թեպետ նախագահ Թրամփն ու Սենատի հանրապետական ղեկավարները կարծես, ծրագրում են հապճեպ, ֆիկտիվ դատավարություն՝ առանց վկաների ու սահմանափակ ապացույցներով՝ գրում է Նիկոլաս Քրիստոֆը The New York Times-ում: Հատկապես երեսպաշտ է Սենատում հանրապետականների մեծամասնութան ղեկավար Միտչ Մակքոնելի մռայլ վճռականությունը՝ չուսումնասիրել ոչ մի ապացույց ու չլսել ոչ մի վկայի, որովհետև 1999-ին նախագահ Բիլլ Քլինթոնի իմպիչմենտի դատաքննության ժամանակ նա կողմ էր վկաների ներգրավմանը: «Իհարկե, անսովոր ոչինչ չկա, որ լսենք վկաներին իմպիչմենտի գործով դատաքննությանը»՝ ասել էր նա այն ժամանակ: Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների հաշվարկով՝ միջինը 33 վկաներ են եղել իմպիչմենտի նախորդ գործընթացներում: Մակքոնելն ու մյուսները կարող են հաստատել, որ նախագահի վարքագիծը չի հասել հրաժարականի պահանջի մակարդակի: Թրամփն ու նրա պաշտպանները պաշտպանական գիծ են կառուցել, որը ստեղծում է կայսերական, չվերահսկվող նախագահություն, որովհետև պարզ չէ՝ ընդհանրապես ի՞նչ գործողություններ են ենթակա իմպիչմենտի ու հրաժարականի՝ նրանց չափանիշներով:


Թրամփի թիմը նաև ենթադրում է, որ «իրավասությունների չարաշահումը» ինքնին չի կարող իմպիչմենտի հիմնավորում լինել՝անվանելով «Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների հայտնագործած տեսություն»: Հենց նո՞ր հայտնագործված: Իրավասությունների չարաշահումը առանցքային հարց էր Սահմանադրական կոնվենտի իմպիչմենտին վերաբերող քննարկումներում: Ալեսանդր Համիլտոնը ասում էր, որ իմպիչմենտը դեղ է «չարաշահումների կամ հասարակական վստահության խախտումների» դեմ: Իրավասությունների չարաշահումը հիմնավորում էր իմպիչմենտի հոդվածների համար, որ հաստատել էր Ներկայացուցիչների պալատիի դատական հանձնաժողովը Բիլ Քլինթոնի ու Ռիչարդ Նիքսոնի նկատմամբ (Ներկայացուցիչների պալատում քվեարկությամբ այդ հոդվածը մերժվեց Քլինթոնի դեպքում, Նիքսոնը հրաժարական տվեց նախքան քվեարկությունը): Թրամփն ու նրա կողմնակիցները պարզապես պնդումներ են անում՝ իրականության հետ հաշվի չնստեով: Դա այն 16 241 սուտ կամ մոլորության մեջ գցող հայտարարություններից մեկն է, որ Թրամփն արել է իշխանության 3 տարիներին՝ The Washington Post-ի հաշվարկով: Թրամփի փաստաբանները պնդում, են, որ պաշտոնից հեռացումը նշանակում է «ընտրությունների արդյունքների բեկանում ու Ամերիկայի ժողովրդի կամքի ոտնահարում»: Այդ տրամաբանությամբ՝ չնայած Սահմանադրությանը, նախագահին երբեք չի կարելի պաշտոնանկել, այդ դեպքում նախագահն անձեռնմխելի է: Մենք բոլորս ընդունում ենք, որ նախագահն ունի հանցագործներին ներում շնորհելու իրավունք, ենթադրենք՝ նա ներում է շնորհել հաքերներին՝ Բայդենների նկատմամբ «հետաքննության» փոխարեն: Կամ՝ ներել է բանկերի բոլոր կողոպտիչներին, եթե հանրապետական են: Կամ՝ սիրաշահել է Վլադիմիր Պուտինին՝ Ալյասկան Ռուսաստանին վերադարձնելու աստիճան: Ալյասկան իմ օրինակը չէ, այլ՝ նախագահի փաստաբան Ալան Դերշովիցի: «Ենթադրենք Պուտինը որոշում է «վերադարձնել» Ալյասկան, այնպես, ինչպես «վերադարձրեց» Ղրիմը»,- գրել է Դերշովիցը 2018-ին իր գրքում: Ենթադրենք նախագահը թույլ է տալիս դա անել, որովհետև գտնում է, որ Ռուսաստանն օրինական հավակնություններ ունի այդ տարածքի նկատմամբ: Նույնիսկ դա Դերշովիցի չափանիշներով՝ արժանի չէ իմպիչմենտի ու հրաժարականի:


Մի՞թե մենք իրոք գտնում ենք, որ ոչ մի զսպում չպետք է լինի չափանիշներ չունեցող նախագահի համար, երբ նա փոխանցում է Ալյասկան Պուտինին կամ Ֆլորիդան՝ Իսպանիային, կամ երբ ներում է բանկերի հանրապետական կողոպտիչներին: Պե՞տք է մենք հանդուրժենք անվերահսկելի նախագահի, որ Անկախության հռչակագրի բառերով՝ առնչվում է «չարաշահումների ու բռնակցումների երկար շարքին»: Դա այն համակա՞րգն է, որի դեմ մենք ընդվզել ենք 1776-ին, ո՞չ:
Նիկոլաս Քրիստոֆ, The New York Times


Հ.Գ. Փաստացի թե հանրապետականները, թե դեմոկրատները ԱՄՆ-ում իմպիչմենտն օգտագործում են իբրև նախընտրական արշավ՝ նոյեմբերի նախագահական ընտրություններից առաջ: Գուցե ֆայլստարտ է, գուցե՝ ոչ: Դեմոկրատների մեծամասնությունն ունեցող Ներկայացուցիչների պալատը Դոնալդ Թրամփին արդեն իմպիչմենտ է հայտարարել, Հանրապետականների մեծամասնությունն ունեցող Սենատը մերժելու է, այսինքն՝ իմպիչմենտ, միևնույն է, չի հայտարարվելու: Ստացվում է՝ ԱՄՆ-ի երկու հիմնական կուսակցությունները ընդամենը իրենց ընտրարշավն են անում, բայց՝ հարկատուների հաշվին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3348

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ